Փաստաբանի մասնագիտական աշխատանքի վերաբերյալ պետք է ձևավորվեն իրավական ճիշտ ընկալումներ

Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության արժանի հարցերից են փաստաբանի կարգավիճակն ու նրա դերի ճիշտ ընկալումը հասարակությունում։ Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող գործոններից է:

Այս մասին հայտնում են ՄԻՊ մամուլի ծառայությունից:

Սոցիալական ցանցերի վերջին ժամանակահատվածի նպատակային դիտարկումը վկայում է, որ հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Մասնավորապես, սոցիալական մեդիայում արձանագրվում են վիրավորանք ու նույնիսկ սպառնալիք պարունակող մեկնաբանություններ։ Ագրեսիվություն է նկատվում հատկապես այն մեկնաբանություններում, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կոմից։  Սրան գումարվում է նաև այն, որ ներկայում ակնհայտորեն բարձր է սոցիալական ցանցերում ընդգրկված քաղաքացիների թիվը։

Արձանագրվող միտումն այն է, որ նշված մեկնաբանությունները, այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հասարակական բացասական ընկալումներով։ Այս միտումը վտանգավոր է, քանի որ կարող է հանգեցնել արդար դատաքննության հիմնարար սկզբունքների խախտման։ Այն խոչընդոտում է փաստաբանության ամրապնդմանը, իսկ լիարժեք պաշտպանված ու անկախ փաստաբանության բացակայությունը վտանգում է արդարադատության և, հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը երկրում:

Իրականում, փաստաբանի մասնագիտական աշխատանքն արդարադատության գործընթացի անբաժան մասն է: Առանց այդ աշխատանքի հնարավոր չէ ունենալ իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատություն: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է որակյալ արդարադատության երաշխիքը։ Պետք է նկատի ունենալ նաև, որ փաստաբանի արդյունավետ աշխատանքի գրավականներից է նրա հանրային բարձր հեղինակությունը, որին փաստաբանը հասնում է բարդ աշխատանքով։

Փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

Սա է ժողովրդավարական ու իրավական պետության հիմնարար ցուցիչներից մեկը։

Ուստի, հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ չափազանց կարևոր է հասարակությունում փաստաբանի աշխատանքի վերաբերյալ իրավական ճիշտ մշակույթի ու ընկալումների արմատավորումը: Մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանին պետք է վերաբերվել նրա օրինավորության ու բարեխղճության կանխավարկածով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել