Փոփոխություններ ընտանեկան օրենսգրքում. պահանջների բացակայության դեպքում դատական կարգով ամուսնալուծություն չի կատարվի

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) նոր նախագիծ է հրապարակվել, որով փոփոխություններ կկատարվեն ընտանեկան օրենսգրքում:

Նախագծի համաձայն՝  ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի Գ կետը ուժը կորցրած կճանաչվի:

Նշենք, որ Գ կետը սահմանում է. «Ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե՝ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Նախագծի ընդունման դեպքում այս դրույթը այլևս չի գործի»:

Դրա փոխարեն հոդվածը կլրացվի նոր մասով, այն է. «1.1 Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել սույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ»:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դատական կարգով ամուսնալուծվելիս, ինչպես նաև անկախ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծվելիս ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին և (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի, այդ միջոցների չափերի կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին»:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել