2018 թ. ամառային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների զորակոչի և զորակոչից տարկետումների գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ այդմ՝ 2018թ. ամառային զորակոչի ավարտը նախատեսվում է օգոստոսի 11-ը ներառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ առողջապահության ու ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ համապատասխանաբար ապահովելու զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտությունների ավարտական ակտերի, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով նախատեսված անվանացուցակների տրամադրման գործընթացը: Միաժամանակ, որպեսզի զորակոչի ավարտի երկարաձգումը չազդի սահմանված ժամկետում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրման գործընթացի վրա՝ զորացրումների վերջնաժամկետ է սահմանվում հուլիսի 31-ը ներառյալ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ ժամկետային զինծառայության մեկնելու հարցին, նշել է, որ կառավարությունը շարունակելու է հետևողական աշխատանքները զորակոչի ոլորտում չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ:
«Կա քննարկում, թե արդյոք այս թեման ուսումնասիրվում է: Այդ թեման ուսումնասիրում է Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը: Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մեկ զորակոչով. դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի: Ցավոք, զորակոչի ոլորտում դեռևս շարունակում ենք չարաշահումներ ունենալ: Ընդհանրապես զարմանալի է, որ այսպիսի իրավիճակում գտնվող երկրում կարող են պաշտոնատար անձանց կողմից այսպիսի չարաշահումներ լինել: Հետևողականորեն աշխատելու ենք բոլոր չարաշահումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Զարմանալի է, որ այսքան հայտարարություններից հետո նման դեպքերը շարունակվում են: Թող որևէ մեկը չմտածի, թե մենք որևէ կետում որևէ պատճառով կկանգնենք»,-ասել է վարչապետը՝ կրկին հայտարարելով, որ կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու:
Կառավարության որոշումներով ամառային զորակոչից տարկետում են ստացել մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ:
Հոկտեմբերի 21-ին ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ. գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ:
Նիստի ավարտին, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին և առաջարկել Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին՝ յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ կատարել քաղաքացիների ընդունելություն: «Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Անհրաժեշտ է դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,- ասել է վարչապետը և հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:
«Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,- նշել է կառավարության ղեկավարը: