ՀՀ առաջին փոխվարչապետի՝ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը աշխատանիք ազատման դիմում կներկայացնի: Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ընկերներ, լավ լուր ունեմ:
Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:
Բարին ընդ ձեզ»:
Հիշեցնենք, որ այսօր «Հայրենիքի գիտակցված պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած մարտական ընկերներ»-ը Արարատ Միրզոյանից պահանջում էին ներողություն խնդրել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ընտանիքից, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար վիրավորում ստացած բոլոր տղաներից և պաշտոնանկ անել Կարպիս Փաշոյանին: