Քաղաքացիները դժգոհում են երթուղայինների անկանոն աշխատանքից. նախարարություն 81 հեռախոսազանգ է ստացվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2018թ. հունիս ամսին ստացվել է 81 հեռախոսազանգ, հյատնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Նախարարություն «թեժ  գծով» ստացված հեռախոսազանգերից 2-ը վերաբերում էին հասարակական տրանսպորտին: Քաղաքացիներից մեկը դժգոհել է թիվ 167 երթուղու անկանոն աշխատանքից, մյուսը՝ Երևան-Գյումրի-Երևան երթուղու սպասարկումից: Նախարարությունը գրավոր տեղեկացրել է, որ արդեն ընթացքի մեջ են ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները, ինչի արդյունքում նախատեսվում է ՀՀ բոլոր համայնքներն ապահովել ուղևորահոսքի պահանջներին համապատասխան, տեխնիկապես սարքին և սպասարկման բարձր որակ ունեցող տրանսպորտային միջոցներով։

Մեկ այլ հեռախոսազանգ էլ վերաբերում էր  Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհի վնասված հատվածին: Հենց նույն օրը «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը քաղաքացուն պարզաբանել է, որ նշված հատվածը հիմնանարոգվում է, իսկ հիմնանորոգվող հատվածը միաժամանակ ընթացիկ պահպանման (փոսային նորոգում) չի ենթարկվում` գումարները չփոշիացնելու համար: Բացի այդ` ճանապարհին տեղադրված ժամանակավոր նշանների միջոցով վարորդները զգուշացվում են շինարարական աշխատանքների մասին:

Նշված ժամանակահատվածում նախարարությունն ԱԻՆ Կոտայքի մարզի «911» ծառայությունից ահազանգ է ստացել Երևանից Եղվարդ տանող երկրորդ կամրջի քանդվելու և ճանապարհը փակելու անհրաժեշտության մասին: Նախարարության ճանապարհաշինության ոլորտի քաղաքականության վարչությունը տեղում կատարել է ուսումնասիրություններ, որից հետո կամրջով երթևեկությունը դադարեցվել է մինչև հիմնանորոգման աշխատանքների կատարումը:

Քաղաքացիներից մեկի՝ աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ բարձրացրած հարցն էլ նախարարությունը փոխանցել է ՀՀ ոստիկանությանը՝ սպառիչ պատասխան ստանալու համար:

Նախարարության «թեժ գծով» բարձրացված հարցերից մեկն էլ «Հայփոստ» ՓԲԸ թիվ 15 փոստային բաժանմունքի կողմից պատվիրված նամակների հանձնման գործընթացի առնչությամբ էր։ Նախարարության հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից: Արդյունքների մասին քաղաքացին լրացուցիչ կտեղեկացվի:

Հունիս ամսվա ընթացքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 75 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել