Կառավարությունը հուլիսի 10-ի հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի ծառայողական քննություն անցկացնելու կարգը հաստատելու մասին։
Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված՝ քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների և/կամ բարեվարքության և/կամ նրա գործունեությանն առնչվող և/կամ աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերի ուսումնասիրությունն է:
Ծառայողական քննության խնդիրն է ապահովել՝
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 22-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների իրականացումը.
- քաղաքացիական ծառայողի գործունեությանն առնչվող և/կամ աշխատանքային հարաբերությունների մասով առաջացած խնդիրների պարզաբանումը
- քաղաքացիական ծառայողի կողմից կատարված կարգապահական և/կամ քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքի խախտման յուրաքանչյուր դեպքի ժամանակին բացահայտումը․
- խախտումների կանխարգելումը և դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացումը.
- քաղաքացիական ծառայողների սույն կարգով նախատեսված դեպքերում` իրավունքների մինչդատական պաշտպանությունը.
- ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հարցերի ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանումը և/կամ բացահայտումը։
Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող ծառայողական քննությունն անցկացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան:
Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ վարվող ծառայողական քննությանն ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներն ընդգրկվում են ըստ անհրաժեշտության՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հանգամանքներ ի հայտ գալու պահից, տվյալ մարմնի լիազորությունների շրջանակում ծառայողական քննությանը մասնակցելու համար:տվյալ դեպքում ծառայողական քննություն վարողների մասով կատարվում է համապատասխան լրացում։
Ծառայողական քննությամբ պարզաբանման ենթակա հարցերը որոշում է ծառայողական քննություն նշանակողը՝ ծառայողական քննություն նշանակելու մասին որոշմամբ:
Կարգին կարող եք ծանոթանալ այստեղ։