Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները երկօրյա մշտադիտարկման չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժին և ՁՊՎ, Լոռու մարզային վարչության Սպիտակի, Տաշիրի և Վանաձոր քաղաքի Տարոնի բաժիններ և ՁՊՎ-ներ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, հայտնում են ՄԻՊ-ից:
Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:
Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են՝
- մերձավոր ազգականների հետ ապակե միջնորմով տեսակցությունների տրամադրման և դրանց հսկման հետ.
- ազատությունից զրկման վայր ցանկացած մուտքի ժամանակ բժշկական զննության. կազմակերպման և դրա արդյունքների արձանագրման հետ.
- վերանորոգման և մաքրման աշխատանքների անհրաժեշտության հետ և այլն:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝
- գերբնակեցմանը.
- բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը.
- ազատազրկվածներին մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը.
- արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը.
- զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերի ապահովմանը, սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպմանը.
- վերանորոգման և մաքրման աշխատանքների անհրաժեշտությանը և այլն:
Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են նշված հաստատությունների վարչակազմերի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի մարմիններին:
Մշտադիտարկումների ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:
Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում: