Ոստիկանության ՁՊՎ-ներում ու «Վանաձոր» ՔԿՀ-ում արձանագրվել են խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման ներկայացուցիչները երկօրյա մշտադիտարկման չհայտարարված այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժին և ՁՊՎ, Լոռու մարզային վարչության Սպիտակի, Տաշիրի և Վանաձոր քաղաքի Տարոնի բաժիններ և ՁՊՎ-ներ, ինչպես նաև ՀՀ  արդարադատության նախարարության «Վանաձոր»  քրեակատարողական հիմնարկ, հայտնում են ՄԻՊ-ից:

Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ, ստուգվել են նշված վայրերում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը:

Մշտադիտարկման ենթարկված ՁՊՎ-ներում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են՝

  • մերձավոր ազգականների հետ ապակե միջնորմով տեսակցությունների տրամադրման և դրանց հսկման հետ.
  • ազատությունից զրկման վայր ցանկացած մուտքի ժամանակ բժշկական զննության. կազմակերպման և դրա արդյունքների արձանագրման հետ.
  • վերանորոգման և մաքրման աշխատանքների անհրաժեշտության հետ և այլն:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում արձանագրվել են խնդիրներ, որոնք առնչվում են՝

  • գերբնակեցմանը.
  • բժշկական սպասարկման բաժնի համալրվածությանը.
  • ազատազրկվածներին մեկուսի պահելուն ու այդ ընթացքում նրանց համար բավարար նպատակային գործունեության կամ ծրագրերի բացակայությանը.
  • արտաքին զննությունների և դրանց ընթացքի ու արդյունքների արձանագրմանը.
  • զբաղվածությանը, ներառյալ՝ կրթական և մասնագիտական ծրագրերի ապահովմանը, սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպմանը.
  • վերանորոգման և մաքրման աշխատանքների անհրաժեշտությանը և այլն:

Այցերի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են նշված հաստատությունների վարչակազմերի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի մարմիններին:

Մշտադիտարկումների ընթացքում կանխարգելման ազգային մեխանիզմի ներկայացուցիչների համար աշխատանքի խոչընդոտներ չեն ստեղծվել:

Բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կգտնվեն Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել