Վարչական իրավախախտումների վերաբերյալ 131-րդ հոդվածը սահմանում է հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը: Այսպիսով.
1. Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:
2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
3. Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
4. Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
5. Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում`5000 դրամի չափով:
6. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքներ կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով:
7. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամի չափով: