ՀՀ ոստիկանությունունը հայտարարություն է տարածել.
«Կոնկրետ հետաքրքրություն ու շահագրգռություն ունեցող որոշ կայքեր, Գագիկ Ծառուկյանի և իր թիկնապահի հետ կապված վերջին աղմկոտ դեպքի առնչությամբ ոստիկանության ձեռնարկած գործողությունների համատեքստում, այսօր կրկին հիշել ու շահարկում են ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի եղբոր որդուն առնչվող՝ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը:
Հիշեցնենք, որ ոստիկանության պետը վերջին մեկ ամսում բազմիցս անդրադարձել է այդ դեպքին և հաստատել, որ, այո՛, իր եղբոր որդին մասնակցություն ունեցել է միջադեպին, բայց դանակահարողն ինքը չի եղել, ինչը հաստատվել է քննությամբ:
Հիմնավորված և բարձրաձայնված այս իրողության ֆոնին հիշյալ կայքերի ՙմտահոգությունը՚, թե ոստիկանության պետը հանցավորության դեմ պայքարը պետք է իրենից ու յուրայիններից սկսի, առնվազն փարիսեցիություն է:
Ե՛վ Վալերիյ Օսիպյանը, և՛ ոստիկանությունը հայտարարել են, որ օրենքի առաջ հավասար են բոլորը, և ամեն օր ու ժամ գործում են օրենքի գերակայության հաստատման այդ սկզբունքով, ինչի ականատեսն ու վկան մեր ողջ հասարակությունն է:
Այս իրողությունը շինծու և ժամանակավրեպ «մեդիա-մտահոգություններով» անհնար է հերքել:
Ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման հնարքներից և ասեկոսեների կարգի անփաստարկ հայտարարություններով չաղճատել իրականությունն ու մոլորության մեջ չգցել հանրությանը»: