Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՔԾ մամուլի ծառայության պետ Միքայել Ահարոնյանը:
Վերջինս չպատասխանեց, թե քրեական գործը որ հոդվածի հատկանիշներով է հարուցվել. «Այսքանը, կատարվում է նախաքննություն»:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ըստ ոստիկանության հաղորդագրության, հունիսի 1-ին, ժամը 22:45-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն համայնքում երիտասարդ են դանակահարել:
Դանահակարության մասին ահազանգ ստացվել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Ըստ ահազանգի, Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը դանակից ստացած հարվածից վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության հաղորդմամբ, երիտասարդին դանակահարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար»:
Տեղի ունեցածի առնչությամբ Azatutyun.am կայքը նյութ էր հրապարակել, այն մասին, որ Երևանի փոխոստիկանապետը միջադեպի մասնակիցներից մեկի մոր` Սուսաննա Հովհաննիսյանի հետ փորձել է համաձայնության գալ և իր եղբորորդու կատարած դանակահարությունը բարդել նրա որդու վրա: