Առաջարկվում է մինչև դատարանի վճիռ կա­յացնելը պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չհաշվարկել

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով առա­ջարկ­վում է գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կա­տարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տո­կոսների գումարի չափը փաստացի հաշվարկել պատասխանողի կողմից հայցապահանջն ամ­բողջությամբ կատարելու օրվա դրությամբ և այդ պահից սկսած մինչև դատարանի վճիռ կա­յացնելը պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չհաշվարկել:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծով առա­ջարկ­վող կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով ստորև ներ­կա­յաց­­ված հանգամանքները.

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մա­սի համաձայն պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը, միևնույն ժա­մանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը դատական ծախսերի հատուցման պար­տա­կանությունը դնում է պատասխանողի վրա միայն գործի քննության ընթացքում պա­տաս­խա­նողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճ­վելու դեպքում, ուստի ենթադրվում է, որ դատարանը գործի վարույթը կարճելու հետևան­քով դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա այն պատճառով, որ վերջինս պատշաճ կատարել է իր պարտավորությունը, ինչի արդ­յուն­քում այն (պարտավորությունը) դադարել է: Այս համատեքստում անդրադառնանք նախ Հա­յաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, այնուհետև 411-րդ հոդ­վածներով նախատեսված կարգավորումներին: Այսպես, գտնում ենք, որ, քանի որ Հա­յաս­տանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասում ներ­կայացված է տուժանքի (տուգանք, տույժ)  հասկացությունը` որպես պարտավորության կա­տարման ապահովման եղանակ, ըստ որի տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պար­տա­վոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կա­տա­րելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում, որից բխում է, որ տուժանքը, ինչ­պես և պարտավորության կատարման ապահովման ցանկացած միջոց, իրենից ներ­կա­յաց­նում է արդեն իսկ գոյություն ունեցող պարտավորական հարաբերության լրացում, որի հետևան­քով էլ այն (տուժանքը) առանց իրենով ապահովվող պարտավորության գոյու­թյուն ունենալ չի կարող, այսինքն` գլխավոր պարտավորության դադարումը դադա­րեց­նում է նաև լրացուցիչ պարտավորությունը (բացառությամբ` երաշխիքի): ՈՒստի, եթե դա­տա­րանը գործի վարույթը կարճելու հետևանքով դատական ծախսերի հատուցման պար­տա­կա­նությունը դնում է պատասխանողի վրա այն պատճառով, որ վերջինս պատշաճ կատարել է իր պարտավորությունը (ինչի արդյունքում այն (պարտավորությունը) դադարել է), և այդ պա­հից դադարել է նաև լրացուցիչ պարտավորությունը` մասնավորապես հաշվարկված տու­ժան­քի (տուգանք, տույժ) վճարումը, ապա այս պարագայում բացառվում է պատասխանողի վրա տուժանքի (տուգանք, տույժ) հաշվեգրումը պարտավորության դադարման պահից մինչև դատական ակտի կայացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենս­գրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն  ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պա­հելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտա­գոր­ծե­լու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճար­վում են տոկոսներ, որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտա­վո­րու­թյան դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաս­տա­նի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվար­կա­յին դրույքների: Վերը նշվածից հետևում է, որ այս դեպքում ևս, տոկոսները հաշվարկվում են կե­տանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը, և բացառվում է տո­կոս­նե­րի հաշվեգրումը պարտավորության դադարման պահից մինչև դատական ակտի կայա­ցումը:
  2. Նախագծի հիմնավորման մեջ նշված Հայաստանի Հանրապետության դատա­րան­նե­րի նախագահների խորհրդի 2013 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապե­տու­թյան դատարանների կողմից պետական տուրքի գանձման դատական պրակտիկայի մասին» N 129 որոշման 21-րդ կետով նախատեսված կարգավորումը չի կարող պատասխանողի հա­մար բացասական հետևանքներ ունենալ արդեն իսկ կատարված և վերը նշված հիմ­նա­վոր­մամբ կատարման արդյունքում դադարած պարտավորության պարագայում:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդ­վածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենս­գիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրա­վա­սության դատարանում, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղա­քացի­ա­կան դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղա­քացիա­կան և վարչական պալատում քաղաքացիական գործերով դատավարության իրակա­նաց­ման կարգը, իսկ նախագծով առաջարկվող կարգավորումը վերաբերում է Հայաստանի Հան­րա­պետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված տուժանքների (տուգանք, տույժ) կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման կարգին (այ­սինքն` ունի նյութաիրավական, և ոչ դատավարական բնույթ), ուստի նշված լրացումը Հայաս­տանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգա­վոր­ման առարկան չէ:

Ամփոփելով վերը շարադրվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել