Առողջապահության նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է հրապարակել:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ:
Գործող որոշմամբ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար հայտատուն ներկայացնում է գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից, ինչպես նաև տեղեկատվություն, թե կոնկրետ որ տեղեկատվական միջոցով է տարածվելու գովազդը:
Վերոնշյալ պահանջը խնդիր է առաջացնում հայտատուների համար այնքանով, որ գովազդի տեքստը և տեղեկատվական միջոցը հնարավոր է ընթացքում փոփոխվեն, որը ենթադրում է նոր հայտ և նոր թույլտվություն:
Նախարարությունը նշում է, որ նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրման ընթացքում հայտատուի կողմից ներկայացվող տեղեկատվության պարզեցումը:
Նախագիծը կազմվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
«Նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցումն ու մատչելիությունն է:
Մասնավորապես, կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 5 աշխատանքային օր, գործող 7-ի փոխարեն,
2) վերացվել է գովազդի տեղադրելու համար տեղեկատվական միջոցի տեսակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը,
3) վերացվել է գովազդի տեքստի (սցենարի) վերաբերյալ պահանջը,
4) սահմանվել է դեղի, բուժական մեթոդի և բուժտեխնիկայի գովազդում նախազգուշացումների, հակացուցումների և համապատասխան մասնագետի հետ խորհրդակցելու վերաբերյալ պարտադիր պահանջ»,-նշում է առողջապահության նախարարարությունը: