Խուզարկություններ Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի տանը առգրավվել է 273 միլիոն դոլարի պերճանքի առարկաներ

Հափշտակության մեղադրանքով հետաքննության շրջանակներում Նաջիբ Ռազակից առգրավված առարկաների թվում են՝ 1400 վզնոց, 567 ձեռքի պայուսակ և 14 թագ (գլխազարդ)։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Մալայզիայի ոստիկանության աշխատակիցները նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի տներում իրականացրած մի շարք խուզարկությունների արդյունքում առգրավել են մեծ քանակությամբ ոսկերչական իրեր, ձեռքի պայուսակներ և ժամացույցներ։

Ոստիկանության կոմիսար Ամար Սինգհը հաստատել է, որ Նաջիբին և նրա կնոջը` Ռոզմա Մանսորին պատկանող վեց առանձնատների խուզարկության արդյունքում, որը իրականացվել է որպես 1MDB-ի (1Malaysia Development Berhad Company) հետաքննության մաս, ոստիկանությունը հայտնաբերել է թանկարժեք իրերի գանձարան, այդ թվում` 1400 վզնոց, 567 ձեռքի պայուսակ, 423 ժամացույց, 2200 մատանի, 1600 կրծքազարդ և 14 գլխազարդ:

Ոստիկանությունը դա համարում է մալայզիական պատմության մեջ ամենամեծ առգրավումը:

Ապրանքների ընդհանուր շուկայական արժեքը գնահատվել է 223 մլն դոլարից մինչև 275 մլն դոլար, ասել է Սինգհը և հավելել, որ դրանց ընդհանուր արժեքը գնահատելը տևել է 16 օր։

Ամենաթանկարժեքը 1.6 մլն դոլար արժեքով ոսկուց և ադամանդներից պատրաստված մանյակն էր:

Նաջիբի առանձնատներում իրականացված խուզարկությունը 1MDB (1Malaysia Development Berhad Company) ընկերության անվան հետ կապված սկանդալի հետաքննության մի մասն է։ Դրա շրջանակներում միլիարդավոր դոլարներ են յուրացվել պետական ֆոնդից և խարդախորեն ծախսվել: 1MDB-ից  681 միլիոն դոլարի գումար է փոխանցվել Նաջիբի անձնական հաշվին, որը ենթադրաբար օգտագործվել է Նաջիբի և նրա կնոջ թանկարժեք ծախսերը հոգալու համար։ Նաջիբը սակայն հերքում է այդ սկանադալի հետ իր կապը։

Նաջիբի վարչապետության ժամանակ, նրա վրայից հանվել էին բոլոր մեղադրանքները։ Երբ նա մայիսին կորցրեց իշխանությունը, 92-ամյա նոր վարչապետ Մահաթիր Մոհամադի գլխավորած նոր կառավարությունը 1MDB-ի վերսկսված հետաքննությունը առաջնահերթություն դարձրեց։

Անցյալ շաբաթ Մահաթիրն ասել է, որ իրենք Նաջիբի դեմ «պատրաստի գործ» ունեն, որում նա մեղադրվում է կաշառակերության, պետական միջոցների գողության և հափշտակության մեջ: Ենթադրվում է՝ նա շուտով կձերբակալվի։

Խուզարկությունների ժամանակ առգրավված մեծ թվով զարդեղենը վկայում է 1MDB-ի գործում նախկին վարչապետի կնոջ՝ Ռոզմա Մանսորիի ունեցած դերի մասին։

Զեկույցում նշվում է, որ նա եղել է 1MDB հափշտակության մեղադրանքների կենտրոնում գտնվող մալազիացի գործարար Ջո Լոուի հետ կապ հաստատողը, ինչպես նաև ջանքեր է գործադրել  1MDB-ում հետաքննությունների անցկացումը արգելափակելու համար։ Ռոզման այս բոլոր մեղադրանքները հերքում է։

Այս շաբաթ Մահաթիրն ասել է, որ Ռոզմայի ներգրավվածությունը դժվար էր ապացուցել, քանի որ նրա ստորագրությունը, ի տարբերություն Նաջիբի, չի եղել 1MDB-ի որևէ փաստաթղթում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել