Ռուսաստանի դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:
Այս մասին տեղեկացնում են սննդի անվտանգության պետական ծառայությունից:
Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ: Մասնավորապես՝ հստակեցվել է, որ «արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին) և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր»:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա (բացառությամբ կապիկների):