Մշակույթի նախարարության կողմից մշակած նախագծի համաձայն «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցներ կստեղծվեն։ Այս մասին կառավարությունը որոշում կընդունի վաղը՝ հունիսի 8-ին կայանալիք հերթական նիստի ժամանակ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների ստեղծումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են հանրապետական նշանակության հուշարձաններ և ընդգրկված են պետական ցուցակում:
Այն բխում է նաև «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրից: Միաժամանակ, արգելոցների ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Բջնի ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցների համար անհրաժեշտ տարածքները գտնվում են ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում 1.51 հա. և Հ Հ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում 2.35 հա (սխեմանները կցվում են) հողակտորը համարվում են պետական սեփականության պատմության և մշակույթի հողեր, որոնց վրա գտնվում են հանրապետական նշանակության հուշարձաններ մասնավորապես 5-16 դդ Բջնի ամրոց համալիրը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ, իսկ 10-14 դդ .Սմբատաբերդ ամրոցը, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի N 754-Ն որոշմամբ:
Զբոսաշրջության կամ տուրիզմի ժամանակակից արդյունաբերությունը հանդիսանում է համաշխարհային տնտեսության ամենախոշոր, արդյունավետ և առավել դինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Շահութաբեր այս ոլորտի զարգացման աննախադեպ տեմպերն իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի համամասնական զարգացման վրա: Հայաստանը հանդիսանում է հարուստ զբոսաշրջային ներուժ ունեցող, սակայն միջազգային տուրիզմի շուկայում չափազանց համեստ տեղ գրավող պետություն:
Նախագծի ընդունման արդյունքում արգելոցները և արգելոց-թանգարանները համարվում են մշակութային անշարժ և շարժական, նյութական և ոչ նյութական ժառանգության համալիր պահպանման և կառավարման արդյունավետ մշակութային կազմակերպություններ, ուստի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն հուշարձանախմբի ամբողջ տարածքի պատշաճ պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջության երթուղիներում արգելոցի տարածքի ներգրավումը, ինչպես նաև պետական ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործումը: Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
Միևնույն ժամանակ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2009 թվականի հունիսի 26-ի N 853-Ն և 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1426-Ն, իսկ 2017 թվականի մայիսի 18-ի N 541-Ն որոշումներով ստեղծվել են «Զորաց քարեր բնակատեղի», «Լոռի բերդ քաղաքատեղի», «Ամբերդ ամրոց» և «Բերդ» պատմամշակութային արգելոցները, որոնք դարձել են մասնաճյուղեր նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը և ապահովել լրացուցիչ ֆինանսական միջոցներ: