Միջնաժամկետ ծրագրերից Արայիկ Հարությունյանն առանձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի վերափոխումը, ուսուցիչների ատեստավորման և վերապատրաստման համակարգի արմատական բարեփոխումը, բոլոր համայնքներում նախադպրոցական կրթության համատարած հասանելիությունը, փոքր աշակերտական համակազմ ունեցող դպրոցների արդյունավետ կառավարման մոդելի ներդնումը, 12-ամյա կրթության համակարգի բովանդակային բարելավումը, մասնագիտական կրթության համակարգի և աշխատաշուկայի միջև արդյունավետ կապի ապահովումը: Այս մասին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է կրթության ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ նախորդ իշխանության կողմից որդեգրված փոքր դպրոցների օպտիմալացման մոդելն արդյունավետ չի եղել, հակառակը` կրթությունը դարձել է ավելի անհասանելի: Անդրադառնալով 12-ամյա կրթության հետ կապված համատարած հանրային դժգոհություններին, նախարարն ընդգծել է, որ հանրությունը համոզմունք ունի, որ հանրակրթության համակարգում վերջին 3 տարիներին աշակերտները կրթություն չեն ստանում. «Պատճառն այն է, որ համակարգի ներդրմանը զուգահեռ պատշաճ մակարդակի ծրագրեր չմշակվեցին: Մեր խնդիրն է նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթության համակարգին, որպեսզի համատարած դժգոհությունը փարատվի: Որպես մոտեցում շեշտում եմ, որ 12-ամյա համակարգի պահպանումը շատ կարևոր է»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Աշխատաշուկայի պահանջներին միտված մասնագետներ պատրաստելու խնդրին անդրադառնալով` նախարարը նշել է, որ բուհերում մասնագիտությունների ցանկի վերանայման լուրջ քայլերի անհրաժեշտություն կա: Այս համատեքստում կարևոր է նաև միջին մասնագիտական որակյալ կրթության դերը. «Քոլեջում կամ ուսումնարանում սովորելով՚ կարելի է ավելի կարճ ճանապարհով մտնել աշխատաշուկա: Շատ դեպքերում մարդիկ գերադասում են բուհ գնալ, որովհետև քոլեջն ու ուսումնարանը չեն ապահովում որակյալ կրթություն, սակայն սա չափազանց կարևոր ոլորտ է»,-նշել է նախարարը: