Փոքր և միջին ձեռնարկատերերն արձագանքում են խոշոր առևտրային ցանցերի կողմից արված հայտարարությանը

 ՓՄՁ համագործակցության ասոցիացիան՝ արձագանքելով  բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Բաց նամակի մեջ ասվում է.
«Հարգելի պարոն Փաշինյան,
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ Ասոցիացիա), փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների անդամության վրա հիմնված ապաքաղաքական կառույց է, որը ստեղծված է աջակցելու ՀՀ-ում գործունեություն ծավալող Փոքր և Միջին ձեռնարկատերերին, պաշտպանելու վերջիններիս օրինական շահերը, նպաստելու պետություն-մասնավոր հատված երկխոսության կայացմանը, ՓՄՁ-ների համար օրենսդրական դաշտի բարելավմանը:
Ասոցիացիան ողջունում է ՀՀ ներկայիս կառավարության կողմից որդեգրած, բիզնես միջավայրում հավասար մրցակցության, արդարության վերականգնմանն ուղղված քայլերն ու տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը: Մենք մշտապես սատարել  ենք այն ծրագրերի և միջոցառումների նախաձեռնողներին, իրականացնողներին, ովքեր կբերեն, կամ բերում են ՀՀ-ում օրենքների գերակայության վերահաստատմանը, հովանավորչության բացառմանը:
Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերից որոշների գործունեութունը,  տարիներ ի վեր, խնդիրներ են ստեղծել հայկական ապրանք արտադրող, այդ թվում գյուղմթերք,  Գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Դրանք բնավ չեն եղել միայն վերջին օրերին շրջանառվող ԱԱԾ-ի կողմից ներկայացված, վերոհիշյալ ցանցերի հետ փոխկապակցված Ա/Ձ-երերի ակնհայտ ապօրինի մեխանիզմներով գործող փաստերը: Այդ խնդիրների մասին Գերփոքր բիզնեսի ներկայացուցիչները, թե առանձին և թե մեր Ասոցիացիայի միջոցով, մշտապես բարձրաձայնել են, ներկայացրել նամակներ ու առաջարկներ նախորդող առնվազն երկու կառավարության ներկայացուցիչներին:
Վերոգրյալ և նմանատիպ դեպքերի մասին տեղեկությունների հավաստի լինելը, հնարավոր է ճշտել, բացահայտել՝ բազմակողմանի, համապարփակ ուսումնասիրություն անելով ՀՀ պետական մարմիններում առկա, նախորդ երեք տարիներին վերաբերող տվյալների հիման վրա:
Հաշվի առնելով խոշոր առևտրային ցանցերի կողմից Ձեզ ուղղված բաց նամակն ու խնդրանքը, խոշոր առևտրային ցանցեր և դրանց մատակարարների շղթայի հարցը լուծելու քննարկում կազմակերպելու մասին, խնդրում ենք Ձեզ, նմանատիպ քննարկում կազմակերպել խոշոր առևտրային ցանցերի, ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների և պետական այն կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր պատասխանատու են հարկային, տնտեսական, ՓՄՁ զարգացման քաղաքականությունների մշակման և պահպանման հարցերում:
Վստահ ենք, որ նման քննարկման արդյունքում դուրս կբերվեն ՀՀ-ում գործող օրենսդրության տառին համապատասխան լուծումներ, անկախ դրանց գնաճային, կամ դրանք կանխող, սաստող տուժանքային մեխանիզմների կիրառման հնարավոր հետևանքների:
 Հարգանքով,
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի»  տնօրեն՝ Հակոբ Ավագյան
02 Հունիս 2018թ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել