Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 17-ին, պետք է տեղի ունենար Սերժ Վարդանյանի և Ռոբերտ Հայրապետյանի գործով դատական նիստը, որը հետաձգվեց։
Գործը քննվում է դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ։
Դատարանից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ ամբաստանյալը, որը մեկ այլ քրեական գործով ձեռբակալվել է, կալանավայրից չի տեղափոխվել դատարան:
Նշենք, որ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Հայրապետյանի հետ «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սարյան փողոցով երթևեկելու ընթացքում դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում Շանթ Մագարյանի նկատմամբ բռնություն գործադրելով: Գործն այժմ քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրում:
Նշենք նաև, որ նրա եղբայրը՝ Սարգիս Վարդանյանը, մեկ այլ քրեական գործով է մեղադրյալ ներգրավված: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
Հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել էր «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սարգիս Վարդանյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: