Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթ է ունենում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում նա հատուկ ընդգծեց Զինված ուժերում առկա խնդիրները և դրանց լուծման կարևորությունը մեր երկրի համար:
«Իմ առաջին հանձնարարականներից մեկը պաշտպանության նախարարին լինելու է հետևյալը. արագ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որևէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը: Պետությունը պարտավոր է բանակ զորակոչված զինվորին ապահովել նրան անհրաժեշտ ամեն ինչով, որակյալ սննդով, հագուստով, հիգիենայի պարագաներով, կոշիկով: Նույնիսկ անհարմար է, որ հայոց հաղթանակած բանակի զինվորի օրակարգում այսպիսի խնդիր կա»,-նշեց վարչապետի թեկնածուն:
Փաշինյանը նշեց նաև, որ կատարելապես անթույլատրելի է, որ բանակում հակառակորդի գործողության հետևանքով կամ խաղաղ պայմաններում զինվորների զոհվելու մասին տեղեկությունները դարձել են արդեն աչքի համար սովորական լրահոսի մաս:
«Հենց այսօր ես պատրաստվում եմ լսել Զինված ուժերի և ԱԱԾ-ի ներկայացուցիչների զեկույցը՝ մեր երկրի արտաքին և ներքին իրավիճակի վերաբերյալ: Ջանքեր եմ գործադրելու Զինված ուժերի սպառազինության բնականոն մատակարարումներն ապահովելու համար»,-նշել է նա:
Իր ելույթում թեկնածուն դիմել է նաև ձեռնարկատերերին և կոչ է արել կատարել բոլոր հարկային պարտավորությունները՝ պետական և հանրային բնականոն կյանքը չխաթարելու համար. «Ուզում եմ նաև դիմել հաշվիչ դրամարկղային մեքենա կիրառող և նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներից: Սիրելի քաղաքացիներ, հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե մեր վարքագծում էական փոփոխություններ տեղի չունենան: Կոչ եմ անում բոլոր ձեռնարկատերերին, որպեսզի ինչպես որ պահանջվում է օրենքով, անպայման ՀԴՄ կտրոն տրամադրեն և բացառեն ՀԴՄ կտրոն չտրամադրելու պրակտիկան: Իսկ քաղաքացիներին կոչ եմ անում բոլոր խանութներում, սրճարաններում, ՀԴՄ-ով աշխատող բոլոր վայրերից հետևողական և սկզբունքային պահանջել կտրոնները: Սա հնարավորություն կտա էականորեն ավելացնել պետբյուջեի եկամուտները և առավել արդյունավետ իրականացնել պետական կառավարումը: Ի վերջո համոզված եղեք, որ պետությանը ձեր վճարած գումարները ոչ թե թալանվելու են, այլ ծառայելու են մեր ազգային շահերի սպասարկմանը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: