Պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի կենսագրությունը

Մայիսի 2-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ 45 կողմ, 56 դեմ ձայնով: Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կողմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Իրավաբան.net-ը ներկայացնում է և՛ կողմ, և՛ դեմ քվեարկած պատգամավորների կենսագրությունները:

Արայիկ Աղաբաբյանը ծնվել է 1962թ. մարտի 19-ին Արմավիրում (նախկինում՝ Հոկտեմբերյան):

1986թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմություն եւ իրավունք բաժինը: Մանկավարժ:

1979-1981թթ. Արմավիրի կենցաղ-սպասարկման կոմբինատում աշխատել է բանվոր: 1986-1988թթ. դասավանդել է Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցում: 1988-1990թթ. նույն դպրոցում աշխատել է կազմակերպիչ: 1990-1991թթ.՝ Հոկտեմբերյանի թիվ 10 միջնակարգ դպրոցի ուսուցիչ: 1990թ. ընտրվել է Ժողովրդական պատգամավորների առաջին գումարման Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի պատգամավոր: 1991-1995թթ.՝ Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու քարտուղար, 1995-1996թթ.՝ քաղաքային խորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ: 1996-1998թթ. եղել է Արմավիրի մարզպետի խորհրդական, 1998-1999թթ.՝ Արմավիրի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների եւ հանրապետական գործադիր մարմինների մարզային ծառայությունների համակարգման վարչության պետ: 1996-1999թթ. եղել է Արմավիրի մարզային ընտրական հանձնաժողովի նախագահ: 2004-2006թթ.՝ «Իռամեն» ՓԲԸ տնօրենի տեղակալ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 2008-2012թթ.՝ Արմավիրի մարզպետի տեղակալ:

1988 թվականից Ղարաբաղյան շարժման մասնակից է (աջակցել է կամավորական ջոկատների կազմավորման եւ նյութատեխնիկական ապահովման գործընթացին):

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել «Պետական սահմանի պահպանությանը գործուն աջակցության համար» պատվոգրով (1997թ., ՌԴ դաշնային սահմանապահ ծառայություն):

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել