ՀՀԿ-ն մշտապես նշել է, որ իր համար առաջնայինը պետության, Հայրենիքի շահն է, Հայաստանի և Արցախի ավտանգությունն է և ներքին կայունությունը. ՀՀԿ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ մամուլի ծառայությունից:
«Առաջնորդվելով այդ մարտահրավերներով և առաջնահերթություններով՝ ՀՀԿ-ն որոշել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Փոխվել է քաղաքական իրավիճակ, երկրում ներքաղաքական ճգնաժամ է։ Հայաստանում նոր իրողություններ են և մեկ անգամ չէ, որ մենք ասել ենք, որ մեզ համար առաջնայինը ոչ թե կուսակցության, այլ պետության շահն է։ Մենք առաջնորդվում ենք «Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով»։ Երբ Հանրապետական կուսակցությունը ստեղծվում էր Աշոտ Նավասարդյանի գլխավորությամբ, այնուհետև՝ Անդրանիկ Մարգարյան, Վազգեն Սարգսյան՝ մեր կուսակցության քաղաքական հայրերը, հիմնադիրները մեզ չեն կտակել կուսակցամոլության գաղափար։ Մեզ կտակել են պետականաշինության և պետականամետության գաղափարը»,-ասել է ՀՀԿ խոսնակը։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անկախ Հայաստանի պետականության ամենակարևոր հիմնասյուներից մեկն է։ «Անկախ պետականության հիմնասյուն չի նշանակում, որ դու միշտ պետք է լինես իշխանություն։ Մեզ համար ամենավերը պետության շահն է, մենք չունենք հայրենիք, որ տանենք ցնցումների։ Մեզ անհրաժեշտ են ոչ թե ուժեղ ցնցումներ, այլ ահրաժեշտ է ուժեղ Հայաստան։ Սա գիտակցված որոշում է, որի հիմքում ընկած է ներքին կայունությունը և Հայաստանի ու Արցախի անվտանգությունը»,-ընդգծել է Շարմազանովը։