Ցանկացած դատավոր պետք է նվիրված լինի իրավունքի գերակայության գաղափարին. Սերգեյ Մեղրյան

Ցանկացած դատավոր պետք է նվիրված լինի իրավունքի գերակայության գաղափարին, եթարկվի բացառապես օրենքին և օժտված լինի մասնագիտական և դատավորի համար անհրաժեշտ այլ որակներով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Սերգեյ Մեղրյանը:

«Միայն նման հատկանիշների կրող դատավորը կարող է լինել անկախ, անաչառ և վայելել հանրության վստահությունը»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Սերգեյ Մեղրյանը մասնակցել է ՀՀ դատական օրենսգրքի, քաղաքացիական դատավարության օրենսգրքի և այլ հարակից օրենքների մշակման աշխատանքներին. «Անհրաժեշտ եմ համարում հատուկ ընդգծել, որ վերջերս ընդունված այդ օրինագծերը, դատական օրենսգիրքը սահմանել են դատավորի իդեալական կերպարը բնութագրող չափազանց բարձր ստանդարտներ և մասնագիտական այնպիսի պահանջներ, որոնք պահպանելը անխուսափելիորեն հանգեցնելու է դատավորի նկատմամբ հանրային վստահության բարձրացման աճին»:

Թեկնածուն համոզված է, որ այս բարձրագույն դատական խորհուրդը՝ ելնելով իր սահմանադրական բարձր կարգավիճակից ի զորու է կոտրել ձևավորված մի շարք բացասական կարծրատիպեր և բեկում մտցնել դատարանների, դատական իշխանության առաքելության հարցի հանրային ընկալման մեջ:

Եվգենյա Համբարձումյան
Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել