«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նոր փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուն պետք է ներկայացնի տեղեկանք` կենսաթոշակը նշանակելուց հետո աշխատած լինելու մասին:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը: