Երրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն՝ Երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով) երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը (հինգ հարյուր հազար ՀՀ դրամը) վճարվում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագիր կնքած բանկում նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին (այսուհետ՝ պետական աջակցության հաշիվ) մուտքագրելու միջոցով: Ընտանեկան դրամագլխի սպասարկման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան դրամագլուխը պետական աջակցության հաշվին առկա միջոցներն են:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է՝

1) երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրվող՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին փոխանցած միջոցներից.

2) պետական աջակցության հաշվին առկա միջոցների դիմաց հաշվեգրվող տոկոսներից.

3) պետական աջակցության հաշիվ մուտքագրված օրենքով չարգելված այլ մուտքերից:

Ընտանեկան դրամագլուխը մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով և կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով: Օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է՝

1) եթե հաշվետերը(երեխան, ում ծննդյան կապակցությամբ բացվել է հաշիվը) տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.

2)օրենքով սահմանված երեխաներից մեկի՝ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.

3) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում:

Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը 18 տարին լրանալուց հետո:Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու (պետական աջակցության հաշվից անկանխիկ վճարումներ կատարելու) համար դիմելու կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, պետական աջակցության հաշիվը բացելու, հաշվետիրոջ մահվան դեպքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան դրամագլուխը Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ տնօրինվելու դեպքում պետական աջակցության հաշվից ելքագրված միջոցները ենթակա են բռնագանձման դրանք տնօրինելու համար դիմում ներկայացրած անձից:

Ընտանեկան դրամագլուխը չի կարող բռնագանձվել (պետական աջակցության հաշվի վրա արգելանք չի կարող կիրառվել) մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը: Ընտանեկան դրամագլուխը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`

1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).

2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.

4) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով):

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել