Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:

Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների և հետագա անելիքների մասին զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրին»: Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ:

Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:

Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռևս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց»-ը կատարելագորման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումները, ինչին և միտված է փաստաթղթի նախագիծը:

Ահաբեկչության դեմ պայքարի առումով Հանրապետության Նախագահը, որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարևորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը և միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել