Ի՞նչ չափանիշների է պետք հետևել՝ անվտանգ խաղալիք գնելու համար

Մոտենում են տոները և շատ ծնողներ իրենց երեխաների համար որպես նվեր գնում են խաղալիքներ, սակայն ինչպե՞ս հասկանալ, թե որ խաղալիքներն են  անվտանգ Ձեր երեխայի համար: Իրավաբան.net-ի հարցին ի պատասխան՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը օգտակար խորհուրդներ է տվել․

Առաջինը՝ խաղալիք չգնել պատահական վայրերից, ցանկալի է օգտվել մասնագիտացված խանութներից, ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել խաղալիքի արտաքին տեսքին, օրինակ՝ այն չպետք է ունենա հոտ, սուր և դուրս ցցված անկյուններ, չպետք է գունաթափվի եւ դրանից պոկվեն առանձին մասնիկներ. փափուկ խաղալիքների դեպքում, օրինակ, մազաթափում չպետք է լինի եւ այլն։

Կարևոր է նաև ուշադրություն դարձնել խաղալիքի փաթեթավորմանը, որի վրա պետք է լինի հայերեն լեզվով մակնշում՝ արտադրող երկիր, նշում՝ որ տարիքի երեխաների համար է նախատեսված եւ այլն։

Ուշադրություն է պետք դարձնել խաղալիքների անվտանգության մասին նշումների առկայությանը։ Մասնավորապես, երեխաների և նրանց հսկող մեծահասակների համար հնարավոր վտանգ ներկայացնող խաղալիքները պետք է ունենան այդ վտանգների եւ խաղալիքն օգտագործելիս ձեռնարկվող միջոցների մասին տեղեկություններ։ Ինչպես նաև հավաքվող խաղալիքները պետք է ունենան դրանց մոնտաժման մասին ցուցումները՝ հատուկ նշումով, թե սխալ հավաքելու կամ տեխնիկական սխալ սպասարկման դեպքում ինչ վտանգներ են սպասվում։

Ֆունկցիոնալ որոշ խաղալիքների դեպքում պետք է լինի նաև նախազգուշացնող գրառում՝ «Ուշադրություն՝ օգտագործել բացառապես մեծահասկաների հսկողության ներքո»։ Խաղալիք պարունակող սննդամթերքի դեպքում պետք է մակնշման մեջ այդ մասին գրառում լինի՝ «Պարունակում է խաղալիք», և այլն։

Հիշեք՝ խաղալիքները ձայնային, լուսարձակման եւ թրթռման մակարդակները եւս ունեն տեխնիկական պահանջներ եւ սահմանափակումներ, որոնց գնման դեպքում ևս խիստ ցանկալի է ուշադրություն դարձնել։

Պահանջեք սերտիֆիկատ, դրա առկայությունը վկայում է, որ այն անցել է փորձաքննություն եւ անվտանգ է երեխայի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել