Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքթյան իր էջում անդրադարձել է այն լուրին, թե Շիրակի մարզի Այգաբաց համայնքի դպրոցում պատվաստումներ կատարելու է եղել: Նա հերքել է այդ լուրը.
«Մեր երկրում այսօր մեկնարկել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման ծրագիրը։
Նախարարության մասնագետները ծնողներին, ուսուցիչներին և բժիշկներին ներկայացրել են աշխարհի ավելի քան 70 երկրում (30-ը` Եվրոպայում) արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելող պատվաստման արդյունավետությունն ու կարևորությունը։
Զուգահեռաբար հասարակական կազմակերպությունների մի քանի ոչ մասնագետ ներկայացուցիչներ առանց գիտական հիմնավորումների` վկայակոչելով առանձին մասնագետների մասնավոր կարծիքները, հանրությանը փորձել են մոլորեցնել։
Նախարարության մասնագետների` Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունների վրա հիմնված մեկնաբանություններն ու պարզաբանումները շատերի համար ընկալելի ու հասկանալի էին։ Սակայն որոշ համառներ շարունակում են «ազգանվեր պայքարը»` տարածելով չհիմնավորված փաստեր և ստահոդ լուրեր։ Մի քանի օր առաջ շրջանառվեց լուր, թե իբր 13 տարեկան աղջիկներին պատվաստելու են դպրոցներում։ Նախարարությունը հերթական անգամ հերքեց լուրը` նշելով, որ ինչպես բոլոր պատվաստումները` ՄՊՎ-ն նույնպես իրականացվելու է բացառապես պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում։
Իսկ այսօր լրագրող Արթուր Հովհաննիսյանն իր ասուլիսում նշել է, թե իբր Շիրակի մարզի Այգաբաց համայքում ծրագրի մեկնարկից առաջ փորձել են պատվաստումն իրականացնել դպրոցում։ Եվ իբր ծնողները վռնդել են բժիշկներ կոչեցյալներին։ Բանախոսն իրեն ապահովագրելու համար դիմել է լրագրողական հնարքի` նշելով, թե չի հասցրել ճշտել ստացած տեղեկատվությունը։
Նախարարությունը խոսել է Այգաբացի դպրոցի տնօրենի հետ և պարզել, որ այնտեղ որևէ մեկը չի պատրաստվել պատվաստում կատարել։ Պարզապես, սահմանված կարգով, համայնքի մանկաբույժը և բուժքույրը հանդիպում են ունեցել ծնողների հետ և ներկայացրել պատվաստման նպատակն ու ակնկալվող արդյունքը։ Հանդիպմանը երեխաներ չեն մասնակցել, և որևէ մեկը բուժաշխատողներին չի վռնդել։
Այնպես որ, պետք չէ ապավինել կեղծիքին և ստահոդ լուրերին։ Ժամանակն է սթափվելու…
Ցավոք, ականատես ենք, որ կան ոչ արժանավայել քայլերի դիմող տարբեր ուժեր: Վերջիններս, կեղծիքը որպես իրականություն ներկայացնելու բազմաթիվ փորձերի ձախողումից հետո, այժմ էլ փորձում են այլ հնարքներով ապակողմնորոշել հասարակությանը, առանց գիտակցելու, թե ինչ է իրականում արգանդի վզիկի քաղցկեղը, առանց գիտակցելու հակառակը քարոզելու հետևանքներն ու դրա պատասխանատվությունը: Առողջ հասարակություն ունենալը բոլորիս գերնպատակն է, ուստի ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք բոլոր կողմերին չտրվել սադրանքներին ու էժանագին քարոզչական հնարքներին»,-նշված է գրառման մեջ: