«Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի». Սերժ Սարգսյան

Շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար։ Այս մասին է հայտարարել նախագահ Սերժ Սարգսյանը տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ։

«Ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ․․․ համարել ենք, որ պետք է կայանան, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի», – ասել է նա։

Նա նշել է, որ ուրախ կլինի համայնքապետերի բարձր աշխատավարձի համար, բայց այդ հնարավորությունը պետք է լինի օրենքի սահմաններում.«Եվ ոչ թե ասենք` ես 200 հազար դրամի համար առավոտից երեկո հո քարշ չե՞մ գալու այս գյուղով, այս համայնքով՝ իրենց նոքարը լինելով: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որևէ մեկը Նոր տարուց հետո՝ լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որևէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում․․․․ Եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել»։

ՍերժՍարգսյանը նշել է, որ պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել. «Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթե ուզում է լավ ապրել` պետք է աշխատի: Եթե առավոտից երեկո նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքները առաջին տեղն է դնելու և իրեն թվալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»։

Նախագահը նշել է, որ մի քանի տարի հետո ՀՀ-ն հասնելու է մեկ շնչին $10 հազար ՀՆԱ ցուցանիշին, 2025-ին յուրաքանչյուր մարզում մեկ շնչին ՀՆԱ-ն միջին հանրապետականի 60%-ից ավելին կլինի: Նա ընդգծել է ստեղծվելիք եկամուտները հնարավորինս համաչափ բաշխելու անհրաժեշտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել