Հայր և որդի մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է հայր եւ որդի Ալեքսանյանների կողմից խարդախություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ա. Ալեքսանյանը, քրեակատարողական հիմնարկում շարունակել է ծրագրել տարբեր խարդախություններ՝ դրանց կատարման մեջ ներգրավելով նաեւ որդուն:

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ խարդախության մի դեպքը Ա.Ալեքսանյանի որդին՝ Ն.Ալեքսանյանը, կատարել է միայնակ: Մասնավորապես` 2011թ. դեկտեմբերին, տեղեկանալով, որ Այնթապ գյուղի բնակչուհի Ս. Գրիգորյանի որդին պետք է զորակոչվի ժամկետային զինծառայության, առաջադրված մեղադրանքի համաձայն, խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ վերջինիս համոզել է, թե իր ծանոթների միջոցով կարող է նրա որդու զինվորական ծառայությունը կազմակերպել ՀՀ տարածքում` իր ծառայությունների դիմաց պահանջելով 2700 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարը Ն. Ալեքսանյանը մաս-մաս ստացել է եւ հափշտակել:

 

Մյուս երկու դեպքերում հայր եւ որդի Ալեքսանյաները գործել են միասին: Ըստ նախաքննության տվյալների՝ Ն. Ալեքսանյանը, իմանալով, որ քաղաքացի Ա. Մինասյանը նպատակ ունի իր ավտոմեքենան վաճառելու, այդ մասին տեղյակ է պահել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող հորը եւ նրան փոխանցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հեռախոսահամարները: Ա. Ալեքսանյանն ավտոմեքենան գնելու առաջարկով զանգահարել է ավտոմեքենայի սեփականատեր Ա. Մինասյանին` վերջինիս խնդրելով, որ ավտոմեքենայի ձեռքբերման հետ կապված գործարքները կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ: Հետագայում Ն. Ալեքսանյանը կապ է հաստատել Ա. Մինասյանի հետ, ներկայացել իբրև իրական գնորդ, նրան համոզել, որ մեքենան սեփականության իրավունքով հաշվառի իր անվամբ, այն գրավադրել գրավատանը եւ ստացել 10 292 100 դրամին համարաժեք 26 000 ԱՄՆ դոլար գումար: Նշված գումարից Ն. Ալեքսանյանը Ա. Մինասյանին տվել է ընդամենը 6000 ԱՄՆ դոլար եւ 840 000 ՀՀ դրամ գումար: Իսկ մնացած 17 878 ԱՄՆ դոլարը խաբեությամբ հափշտակել է:

 

Մեկ այլ դրվագով Ն. Ալեքսանյանը տեղեկացել է, որ քաղաքացիներ Ռ. Քլինջյանը եւ Ղ. Ղուկասյանը Արարատի մարզի Արբաթ համայնքում վաճառում են 600 000 ԱՄՆ դոլար արժողությամբ 30.87 հեկտար հողատարածք, որի մասին Ն. Ալեքսանյանը տեղեկացրել է հորը: Խարդախությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով Ա. Ալեքսանյանը կալանավայրից զանգահարել է նշված հողատարածքի սեփականատերերին, ներկայացել իբրեւ գործարար` խնդրելով, որ հողատարածքի հետ կապված առուվաճառքի գործարքները կատարի իր որդու` Ն. Ալեքսանյանի հետ: Վստահություն ձեռք բերելու նպատակով Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին 7000 ԱՄՆ դոլարի չափով կանխավճար է տվել:

 

Արդյունքում` 2012թ. մայիսի 31-ին վերոհիշյալ հողատարածքի նկատմամբ Ն. Ալեքսանյանը խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Կասկածների տեղիք չտալու համար Ն. Ալեքսանյանը հողի սեփականատերերին տվել է 20 000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած 573 000 ԱՄՆ դոլարը` խաբեությամբ հափշտակել:

 

Նախաքննական մարմինը Ն. Ալեքսանյանին յուրաքանչյուր դրվագով մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

 

Ա. Ալեքսանյանին` երկու դրվագից յուրաքանչյուրի համար 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

 

Քրեական գործն ուղարկվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել