Oտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածով: Նշված իրավանորմը սահմանում է, որ ՀՀ դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է ՀՀ տարածքում: Այս մասին պարզաբանում է իրավաբան Արթուր Սուքիասյանը՝ պատասխանելով քաղաքացիու կողմից Իրավաբան.net–ին ուղղված հարցին։
Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե`
1) այդ մասին առկա է ՀՀ քաղաքացու կամ իրավաբանական անձի և օտարերկրյա անձի միջև համաձայնություն.
2) պատասխանողը ՀՀ տարածքում ունի գույք.
3) ապահարզանի վերաբերյալ գործով` ամուսիններից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
4) առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ գործով վնասը պատճառվել է ՀՀ տարածքում.
5) գույքին պատճառված վնասը հատուցելու գործով վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը տեղի է ունեցել ՀՀ տարածքում.
6) օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է ՀՀ տարածքում.
7) հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա ՀՀ տարածքում.
8) հայցը բխում է ՀՀ տարածքում տեղի ունեցած անհիմն հարստացումից:
Օրենքով նախատեսված վերը նշված հիմքերից տվյալ պարագայում առկա չէ, հետևաբար օտարերկրյա քաղաքացու դեմ ներկայացված հայցը ՀՀ դատարանների կողմից քննվել չի կարող: Քաղաքացին իր հայցը պետք է ներկայացնի Ռուսաստանի Դաշնության համապատասխան դատարանին: