Կառավարության որոշումներով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:
«Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին և մինչ օրս աշխատում է շարունակական բեռի բազիսի ռեժիմում և կանգնեցվում է տարեկան մեկ անգամ արտադրողների կողմից սահմանված տարեկան ընթացիկ նորոգումների նպատակով: Ընկերության նպատակն է Երևանի տարածքում գործող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը վերազինել, որի արդյունքում կբարելավվեն մի շարք ցուցանիշներ:
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10,7 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: