Կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գործադիրի անդամներին ներկայացրեց «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը․ «Բանն այն է, որ մեր Սահմանադրությունը նորովի մի շարք կարգավորումներ է տվել, մասնավորապես՝ որպես ամուսնության սահմանափակման նպատակ ամրագրել ենք բացառապես առողջության ու բարոյականության պաշտպանությունը: Առաջին անգամ ամրագրվել է, որ ամուսնությունը կարող է լինել միայն կնոջ ու տղամարդու միջև»,-ասաց նա:
Դա զարմացրեց վարչապետին` մինչև այս ամրագրվա՞ծ չէր: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ մինչ այս դա միայն ենթադրվում էր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը 2 օր ժամանակ խնդրեց՝ արդարադատության նախարարության հետ աշխատելու համար: Վարչապետը մերժեց, նշելով, որ բոլոր հարցերը պիտի քննարկված լինեին մինչ նիստը։
Նախարար Դավիթ Հարությունյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը․ «Օրենքի ընդունման նպատակները երկուսն են՝ կանխարգելել և պաշտպանել: Քննարկումների փուլում երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,- ասաց նա:
Նախարարն անդրադարձավ նաև օրինագծի վերաբերյալ թյուր կարծիքներին, թե նախատեսվում է ծնողական իրավունքների զրկում, երեխային ընտանիքից հեռացնել, և այլն․
«Պետք է մեկ անգամ ևս հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և նոր հիմք չկա, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները։ Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»։
Կառավարությունը հավանություն տվեցին օրենսդրական փաթեթին։