Ըստ հաղորդումների` ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք խոշտանգում են կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներ Ս. Ավետիսյանից ու Ա. Խաչատրյանից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 31.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում քրեական գործով ամբաստանյալ Ս. Ավետիսյանը հայտնել է, որ իրեն մեղսագրվող արարքների հետ որևէ կապ չունի, իսկ խոստովանական ցուցմունքները տվել է իր նկատմամբ գործադրված ֆիզիկական և հոգեբանական բռնությունների հետևանքով: Մասնավորապես, Ս. Ավետիսյանը հայտնել է, որ բերման ենթարկվելուց հետո ոստիկանության Վեդիի բաժնում պաշտոնատար անձինք ծեծի են ենթարկել իրեն, հայհոյանքներ տվել՝ պահանջելով խոստովանական ցուցմունքներ տալ իր և գործով մյուս մեղադրյալների վերաբերյալ:

Մեկ այլ ՀՀ քաղաքացի` գողությունների կատարման մեջ մեղադրվող Ա. Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հաղորդում է տվել, որ 23.08.2017թ.-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ խոստովանել է, որ երկու անգամ անասնագողություն է կատարել, սակայն ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նաև այլ` իր կողմից չկատարված հանցագործություններ: Ա. Խաչատրյանը հայտնել է նաև, որ երբ ոստիկանության աշխատակիցները ներկայացրել են հարցաքննության արձանագրությունը, կրկին ծեծի են ենթարկել իրեն և հարկադրել ստորագրել այն:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել