«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատում իրականացրած անձանցից մեկը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ պարզելու «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած  անձանց ինքնությունը, դերակատարության աստիճանը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017թթ., «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահաբաժիններում իրականացրել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով շուրջ 6330 հատ տարբեր տեսակի և տրամաչափի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվում է 1.010.092.250  դրամ։

Խմբի անդամները, ըստ ստանձնած դերակատարման, հատել են ծառերը, դրանք դուրս բերել  անտառից, պատրաստել վառելափայտ, շինանյութ և իրացրել: Քննությամբ պարզվել է  «Հաղարծին տեղամասի» տարբեր պահաբաժիններում ծառահատումներ իրականացրած անձանցից մեկի ինքնությունը, ով խմբի կազմում ներգրավվել է  2016 թվականից եւ տեւական ժամանակ անմիջական մասնակցություն ունեցել ծառահատումներին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել