Ուկրաինայում «Էսպրեսսո» հեռուստաընկերության մուտքի մոտ ահաբեկչական ակտ է տեղի ունեցել երեկ երեկոյան․ այս մասին գրում է Անտոն Գերաշենկոն։
Նշվում է, որ նախնական տվյալներով, պայթել է շենքի մոտ կայանված մոտոցիկլետը, որի վրա պայթուցիկ է ամրացված եղել։ Պայթյունի հետևանքով մեկ զոհ կա, նրա ինքնությունը ճշտվում է։
Վիրավորվել են պատգամավոր Իգոր Մոսեյչուկը, քաղաքագետ Վիտալի Բալան և պատգամավորի թիկնապահը։ Նրանք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալացվել են։
Մոտակայքում բնակելի տների պատուհանները փշրվել են։ Ենթադրվում է, որ առնվազն մեկ կիլոգրամ տրոտիլ է օգտագործվել։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։
Այս գրառումը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սաակաշվիլին՝ նշելով, որ վիրավորներից Վիտալի Բալան իր համակուրսեցին ու հին ընկերն է։ Հավելել, որ չի բացառվում, թե այս ակտը կազմակերպված լինի ռուսական հատուկ ծառայությունների կողմից՝ հասարակական քաղաքական վիճակն ապակայունացնելու նպատակով։