ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նախաձեռնությամբ Ժնևում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն այսօր հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Արտերկրյա այցերի ժամանակ տեղի հայ համայնքի հետ ավանդաբար կազմակերպվող հանդիպումների համատեքստում շվեյցարահայ համայնքի հետ ունեցած հանդիպմանը Հանրապետության Նախագահը նախ հակիրճ ներկայացրել է իր այցի նպատակը, ավարտված բանակցությունների արդյունքները և ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը, ապա խոսել համահայկական օրակարգի հարցերի և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, անդրադարձել նաև հայրենիքի զարգացման գործում շվեյցարահայ համայնքի կարևոր ներդրմանը՝ նշելով, որ համայնքը, թեև մեծաթիվ չէ, բայց իր կարևոր և առանձնատուկ տեղն ունի սփյուռքահայ համայնքների շարքում:
Համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ Հանրապետության Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել շվեյցարահայ գործիչներ Վարդան Սիրմաքեշին և Ալբեր Պողոսյանին: Անկախության տոնի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար Վարդան Սիրմաքեշը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ Ալբեր Պողոսյանը՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Նախագահը շնորհակալություն է հայտնել շվեյցարահայ գործիչներին իրենց հայրենանվեր գործունեության համար և մաղթել հաջողություններ հետագա բոլոր նախաձեռնություններին: