Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին ընդունեց Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին և Հայաստանում Կանադայի դեսպանության նախարար-խորհրդական Անիկ Գուլեին:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց նախարարին հայ-կանադական ՏՀՏ համաժողովի անցկացմանն աջակցելու, այդ ոլորտում համագործակցության հաստատմանն ուղղված ջանքերի համար։ Նա նշեց, որ երկու երկրների միջև ՏՀՏ ոլորտում համագործակցության մեծ հեռանկարներ է տեսնում և ուրախ կլինի գործակցական հարաբերությունները զարգացնելու նաև ճանապարհաշինության, տրանսպորտի, երկաթուղային կառուցվածքների, ինժեներական տեխնոլոգիաների ոլորտներում։

Նախարար Վահան Մարտիրոսյանը, ներկայացնելով համագործակցության հնարավոր ուղղությունները, անդրադարձավ միասնական երթուղային ցանց ստեղծելու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրերում կանադական ընկերությունների մասնակցության հնարավորությանը։ Նա նշեց, որ եթե կանադական ընկերություններին հետաքրքրի, առաջիկայում կարող են քննարկումներ կազմակերպել և առավել հանգամանալի ներկայացնել ծրագրերի մանրամասները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում ՏՀՏ ոլորտի մի շարք ծրագրեր կիրառելու, համատեղ ծրագրերում այդ ոլորտի հայ մասնագետների կարողությունները ներգրավելու հնարավորությունները, Հայաստանի և Կանադայի միջև տրանսպորտային փոխադրումներին առնչվող մի շարք հարցեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել