Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Արկադի Քոչինյանի կյանքը վտանգված է․ ՀՔԱՎ

Օրեր առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ է ստացել այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արկադի Քոչինյանը ՔԿՀ-ի առավել ապահով մասից տեղափոխվել է այլ մաս, որտեղ նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում:

Ստացված տեղեկատվության հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017թ. հոկտեմբերի 6-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ՝ Արկադի Քոչինյանի կյանքի ու առողջության պաշտպանության համար անհապաղ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և վերջինիս անվտանգությունն ապահովելու հարցով:

ՀՀ արդարադատության նախարարությունից դեռևս չեն արձագանքել, սակայն Արկադի Քոչինյանի ծնողները նույն խնդրի մասին արդեն երկրորդ անգամ են ահազանգում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Վերջիններս հայտնում են, որ նա գտնվում է վատ վիճակում, նրա կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ ժամերի ընթացքում:

Նշենք, որ օրեր առաջ ահազանգերի հետքերով կալանավայր այցելած ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում  հասարակական վերահսկողություն իրականացնող հասարական դիտորդների խմբին չեն թույլատրել հանդիպել Արկադի Քոչինյանի հետ՝ պատճառաբանելով, որ քննիչի կողմից նրա հետ տեսակցությունների սահմանափակման մասին որոշում է կայացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել Նուբարաշեն ՔԿՀ կալանավոր Արկադի Քոչինյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Եթե Արկադի Քոչինյանը սպանվի, կամ ինքնասպանվի, կամ կատարի նման փորձ, կամ ինքնավնասում, ապա ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության և Նուբարաշեն ՔԿՀ ղեկավարությունը:

(Լուսանկարում քրեական հեղիանկություն Դոն Պիպոն է(Արթուր Ասատրյան)):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել