Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցությանը և Հայաստանի ստաձնած պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետին զեկուցվել է Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (GRECO) 4-րդ փուլի հանձնարարականների կատարման արդյունքների մասին:
Ներկայացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի գնահատման 3-րդ փուլի հանձնարարականների և ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի՝ կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող միջոցառումների կատարման ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 2-րդ փուլի գնահատմանն ընդառաջ ՀՀ պարտավորություններին:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել համակարգված միջգերատեսչական աշխատանքները՝ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ: