Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-վրացական փոխգործակցությանը եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերին՝ այդ համատեքստում քննարկելով բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
Հանրապետության Նախագահը կարեւորել է հաճախակի փոխայցելությունները, որոնք, նրա համոզմամբ, լավ հնարավորություն են քննարկելու համագործակցության ընթացիկ վիճակն ու անդրադառնալու հարաբերությունների խորացման նոր հնարավորություններին:
Փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպման սկզբում երախտագիտություն է հայտնել բարեկամ Հայաստանին՝ Բորժոմիում բռնկված անտառային խոշոր հրդեհի մարման գործում ցուցաբերած զգալի աջակցության համար:
Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: