Վերջին մի քանի օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ հրապարակումներ, որոնք կարող են տարընկալման տեղիք տալ, ավելին՝ մոլորության մեջ գցել այդ տեղեկատվությունն օգտագործողներին:
Այդուհանդերձ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր երախտիքն է հայտնում ԶԼՄ-ների կողմից իրականացվող մշտադիտարկմանը և վստահեցնում է, որ հնչեցված բոլոր ահազանգերը մանրամասն ուսումնասիրվում են և, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հիմնավոր փաստարկին տրվում է համապատասխան ընթացք:
Նման պարզաբանում է տարածել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը: Ասվում է նաև. Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի արժեքի մասին
«Մասնավորապես, տարընթերցման տեղիք է տվել «tert.am» կայքին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որը հրապարակվել է լրատվական կայքի կողմից` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բոլոր վճարումները վերագրելով շահագործման հանձնված հատվածին:
Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ շահագործման հանձնված 31կմ ճանապարհը Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներն են, որոնց շինարարական կապալի պայմանագրի գինը կազմում է 70.4 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում այդ ճանապարհահատվածներում իրականացվում է երաշխիքային սպասարկում, ի հայտ եկող թերությունները շտկվում են կապալառուի հաշվին:
Կապալառուին դեռևս չի վճարվել պահված գումարների կեսը՝ մոտ 3.3 մլն ԱՄՆ դոլար: Այդ գումարները ենթակա են վճարման միայն ի հայտ եկած թերությունները վերացնելուց և երաշխիքային ժամանակահատվածի ավարտից հետո:
Հակառակ մամուլում շրջանառվող տեղեկատվության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի միջինացված գինը կազմում է մոտ 2.35 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի հաշվարկով միջինացված գնի ցուցանիշը չպետք է դիտարկվի իբրև ամբողջ Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի միջինացված գին, հաշվի առնելով, որ ճանապարհի շինարարական աշխատանքների գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, մասնավորապես.
• Կառուցվող և գոյություն ունեցող ճանապարհի համադրման համամասնությունը. Շինարարությունն ամբողջովին նոր ծրագծով իրականացնելու դեպքում հողային աշխատանքների ծավալը նշանակալի աճում է.
• Կառուցվող արհեստական կառուցվածքների (ուղեանցեր, անասնանցումներ, գյուղատնտեսական տեխնիկայի անցումներ, ջրթող խողովակներ, ջրահեռացման համակարգեր) քանակը.
• Ճանապարհի ծրագծում և դրան հարող տարածքներում առկա հնագիտական վայրերը, որտեղ շինարարություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել պեղումներ և այլն:
Շինարարական աշխատանքների համար վճարված ընդհանուր գումարի մասին
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո:
Հանրության և որոշ ԶԼՄ-ների արձագանքից կարելի է եզրակացնել, որ առկա է թյուրըմբռնում: Մասնավորապես, ընդհանուր վճարված գումարի չափը ընկալվել է որպես 31կմ շահագործման հանձնված բետոնե պատվածքով ճանապարհահատվածների համար կատարված վճարում, մինչդեռ, այդ գումարը ներառում է, ոչ միայն արդեն իսկ հիշատակված 70.4 մլն ԱՄՆ դոլարը, այլև Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացված բետոնացման աշխատանքների (2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ մոտ 11 կմ հատվածում իրականացվել են ճանապարհի բետոնե պատվածքի աշխատանքներ), հողային աշխատանքների, արհեստական կառուցվածքների հնագիտական պեղումների համար վճարված գումարները, ինչպես նաև դեռևս չմարված կանխավճարը:
Նույն գումարի մեջ է ներառված նաև Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների համար տրված կանխավճարը, ինչպես նաև Տրանշ 3 ծրագրի վարկային համաձայնագրի խնայողությունների հաշվին Երևան – Արտաշատ և Երևան – Աշտարակ ճանապարհահատվածներում նոր կառուցվող և վերակառուցվող 9 ուղեանցերի և մեկ կամրջի աշխատանքների համար վճարված գումարները:
Շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված թերությունների մասին
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների որակի հսկողությունը և ծավալների ստուգումը, ինչպես ցանկացած այլ շինարարական աշխատանքների դեպքում, ստուգում է որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը:
Աշխատանքի որակը ստուգում է ինժեները՝ համապատասխան որակի հսկման համակարգի միջոցով, որի շրջանակներում իրականացվում են տարատեսակ լաբորատոր փորձարկումներ: Եթե կատարված աշխատանքի որակը համապատասխանում է պայմանագրով սահմանված պահանջներին, ապա համապատասխան աշխատանքը ներկայացվում է վճարման: Հակառակ դեպքում ինժեները մերժում է կատարված աշխատանքը, դրա համար չի վճարվում, իսկ կապալառուն պարտավոր է`
1. շտկել աշխատանքների որակը կամ,
2. վերակատարել տվյալ աշխատանքը:
Մասնավորապես, կապալառուն պարտավոր է իրականացնել ճանապարհի բետոնե պատվածքի փորձնական հատված: Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացված փորձնական բետոնե պատվածքը չի համապատասխանել պայմանագրի պահանջներին, ուստի բետոնե պատվածքի այդ հատվածը քանդվել է:
Բետոնե պատվածքի որակի անհամապատասխանության մասին տեխհսկողություն իրականացնող ընկերությունը տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հենց այդ անհամապատասխանության և այն շտկելու վերաբերյալ էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հունիս և հուլիս ամիսներին շինհրապարակ կատարած այցելի ընթացքում արել է համապատասխան հայտարարություններ:
Բետոնացման աշխատանքները թույլ կտրվի շարունակել համապատասխան որակ ստանալու դեպքում:
Բերրի հողի պահպանման մասին
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում պարտադիր է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանությունը:
Շինարարության ընթացքում հանված բերրի հողը պահուստավորվում և պահպանվում է դրա համար նախատեսված հատուկ վայրերում: Որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը բերրի հողը պահպանելու կանոնների խախտման դեպքեր չի արձանագրել: Միաժամանակ, հաշվի առնելով ԶԼՄ-ների հնչեցրած ահազանգը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել ահազանգը և է՛լ ավելի խստացնել բերրի հողի պահպանման նկատմամբ հսկողությունը:
Բետոնե պատվածքի կարերը փոխարինելու մասին
Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածները շահագործելու փուլում որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը մտահոգություն է հնչեցրել, որ բետոնե պատվածքի կարերը հերմետիկացնելու նպատակով կիրառված նյութը չի ապահովում երկարաժամկետ հերմետիկացում:
Այդ պատճառով երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում կապալառուին հանձնարարվել է կարերը հերմետիկացնող նյութն իր հաշվին փոխարինել բետոնե պատվածքի ավելի լավ ցուցանիշներ ապահովող նյութով: Փոխարինման աշխատանքները կապալառուն ավարտել են 2017թ. օգոստոսին:
Հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկ աշխատաոճին, ինչպես նաև կարևորելով ազգային ծրագրերի իրականացման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ շարունակելու է խիստ հսկողությունը այդ գործընթացի նկատմամբ»: