Ո՞ր դեպքերում կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը կարող է վերականգնվել

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն.
Կատարողական թերթը առաջին անգամ կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:
Նույն օրենքի 24 հոդվածի համաձայն`
1. Քաղաքացի-պահանջատիրոջ կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետը հարգելի ճանաչված պատճառներով բաց թողնելու դեպքում դատարանը կարող է այն վերականգնել:
2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դատարանը դիմումը քննում է այն ստանալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում: Պահանջատերը և պարտապանը պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար:
3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել:
Օրենքի վերոհիշյալ հոդվածներում պարունակվող բառերի ու արտահայտությունների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդիրը մեկ իրավական նորմի միջոցով սահմանում է ժամկետ` այդ ընթացքում վճռի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով, իսկ մեկ այլ նորմով սահմանում է այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն` օրենքի 23 հոդվածի ժամկետը չպահպանվելու պարագայում սահմանելով հատուկ նախապայման` բաց թողնման ժամկետը հարգելի ճանաչելու տեսքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գործին մաuնակցող անձի դիմումի հիման վրա, օրենքով uահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
Մասնավորապես` վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենքը սահմանում է ընդհանուր որոշակի ժամկետ, որի ընթացքում դատական ակտը կարող է կատարման ներկայացվել, և միաժամանակ, սահմանում է բացառություն, որի միջոցով հնարավոր է շրջանցել դատական ակտի կատարման ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը, միայն եթե դատարանի կողմից օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատական ակտը կատարման չներկայացնելուց հետո դիմողի` օրենքի 24 հոդվածով սահմանված կարգով ներկայացված դիմումը դատարանի կողմից բավարարվում է:
Վերը նշված հոդվածի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ դիմողի նման պահանջը կարող է բավարարվել դատարանի կողմից միայն դատական ակտի կատարման ժամկետը բաց թողնվելու հարգելի պատճառները բացահայտվելուց ու դրանք հարգելի համարվելուց հետո, իսկ դիմողի կողմից պետք է ապացուցվի իր իսկ կողմից ներկայացված ապացույցներով և վկայակոչած փաստերով` առ այն, որ օրենքով սահմանված դատական ակտի կատարման ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով և միայն հարգելի հանգամանքների վկայակոչման, և այդ պատճառներն իրականում գոյություն ունենալու փաստը հաստատող ապացույցների առկայության պայմաններում դատարանը պետք է բավարարի նման դիմումով հանդես եկող կողմի պահանջը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել