Ադրբեջանցի գերեվարված դիվերսանտը 2 ամիս ժամկետով կալանավորվել է

Փետրվարի 4-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը ստացել է նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ԼՂՀ քրեական  օրենսգրքի 33-317-րդ հոդվածով և 350-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող  Էլնուր Հուսեյնզադեի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  կիրառելու մասին. տեղեկացնում են ԼՂՀ դատական դեպարտամենտից։

Միջնորդությունը քննարկվել է դռնփակ դատական նիստում՝  մեղադրյալի, նրա պաշտպանի և թարգմանչի մասնակցությամբ: Դատարանի որոշմամբ  ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին  կետով նախատեսված հիմքով մեղադրյալի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝  կալանավորում երկու ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ  2017թ. փետրվարի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել էին դիվերսիայի փորձ: Փորձը խափանվել էր Պաշտպանության բանակի` Արցախի պետական սահմանի պահպանությունն իրականացնող ստորաբաժանման կողմից:

Նույն օրը ժամը 15:00-ի սահմաններում Պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել և ԼՂՀ ԱԱԾ բերման է ենթարկվել ԼՂՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատած դիվերսիոն խմբի անդամ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի 157 մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեն:

Է. Հուսեյնզադեի կողմից դիվերսիայի փորձ կատարելու եւ ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ Քրեական օրենսգրքի 33-317-րդ հոդվածով եւ 350-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել