Պետական գույքի աճուրդով մասնավորեցումը

Պետական գույքի է հանդիսանում այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է պետությանը, այդ թվում, ընկերությունների` պետությանը պատկանող բաժնետոմսեր, ինչպես նաև գույքի առանձին տարրեր:
Օրենքով նախատեսված դեպքերում հնարավոր է մասնավորեցնել պետությանը պատկանող գույքը:
Պետական գույքի մասնավորեցումն իրականացվում է հետևյալ հիմնական ձևերով`
ա) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն.
բ) աճուրդ.
գ) մրցույթ.
դ) ուղղակի վաճառք.
ե) նոր բաժնետոմսերի բաց կամ փակ տեղաբաշխում.
զ) պարտատոմսերի թողարկում բաժնետոմսերի փոխարկման իրավունքով.
է) բաժնետոմսերի վաճառք մասնագիտացված շուկաներում.
ը) ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքների գույքի նկատմամբ պետությանը պատկանող օգտագործման իրավունքի փոխանցում` օրենքով նախատեսված դեպքերում:
Այժմ խոսենք պետական գույքի` աճուրդով մասնավորեցման դեպքի մասին:
Պետական գույքի աճուրդով մասնավորեցման դեպքում այդ գույքի սեփականության իրավունքը տրամադրվում է աճուրդի այն մասնակցին, ով աճուրդի ընթացքում առաջարկել է առավելագույն գին:
Պետական գույքի աճուրդով վաճառքը կատարվում է այն դեպքում, երբ գնորդից չի պահանջվում որևէ պայմանի կատարում:
Միայն մեկ առաջարկի առկայությունը չի կարող առանց հաղթողին հայտարարելու աճուրդը դադարեցնելու պատճառ համարվել:
«Աճուրդով պետական գույքի մասնավորեցման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են աճուրդի ձևերը` դասական, հոլանդական, ամբողջությամբ կամ լոտային, մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը և աճուրդի իրականացման ժամկետները»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև աճուրդով մասնավորեցման ենթակա ընկերության պարտավորությունները որոշման ընդունման պահին` ներառյալ հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարումների համար ապառքները, տույժերը և տուգանքները:
Պետական գույքի` աճուրդի միջոցով մասնավորեցման դեպքում, բացի մեկնարկային գնից, այլ գնային սահմանափակումներ չեն կիրառվում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել