Կառավարությունը պատրաստվում է 4 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար ծախսել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի կառուցման համար: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արամ Սահակյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծ, որով նախատեսվում է նախարարության շենքի տարածքը ձեռք բերել:
Նախագծով առաջարկվում էր Երևան քաղաքի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության կողմից:
Այս շենքը ձեռք բերելու համար բյուջեից կտրամադրվի 3,3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (հաշվի առնելով փոխարժեքի տատանումները գումարը հաշվարկվելու է 1 ԱՄՆ դոլարը 480 ՀՀ դրամով, քանի որ վճարումը կատարվելու է վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հայտարարած ԱՄՆ դոլարի փոխարժեքով):
Գործադիրը հաստատեց այս նախագիծը: