Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ տալու կարգը

Ինչպես գիտենք, քաղաքացիական կացության այս կամ այն ակտը գրանցելուց հետո քաղաքացուն տրվում է համապատասխան վկայական:
Նշված վկայականով է, որ քաղաքացին հետագայում ապացուցում է ակտի գրանցման փաստը:
Իսկ եթե քաղաքացին կորցրել է նշված վկայականը:
Նման դեպքերում օրենքը հնարավորություն է տալիս քաղաքացիական կացության ակտի գրառման հիման վրա, քաղաքացու դիմումի համաձայն, ստանալ քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ:
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է՝
ա) այն անձին, որի վերաբերյալ կատարվել է տվյալ քաղաքացիական կացության ակտի գրառումը.
բ) մահացածի ազգականին կամ շահագրգիռ անձին` մահվան ակտի գրառման վերաբերյալ.
գ) ծնողներին (օրինական ներկայացուցիչներին) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչին, եթե անձը, որի վերաբերյալ կատարվել է քաղաքացիական կացության ակտի գրառումը, վկայականի կրկնօրինակի տրման օրը անգործունակ է.
դ) այլ անձի, եթե նա քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու իրավունք ունեցող անձի կողմից ներկայացնում է սահմանված կարգով տրված լիազորագիր:
ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակ է տալիս դիմելուց հետո` մեկ օրվա ընթացքում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել