Այսօրվանից ուժի մեջ մտան նոր փոփոխություններ

2016 թվականի սեպտեմբերի 28-ին ընդունված «ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի համաձայն՝

ՀՈԴՎԱԾ 1. «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-111-Ն օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 8.1. ԾԱՆՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1. Պետական լիազոր մարմինը, որոշումն ընդունելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով անմիջապես տեղեկացնում է հայտատուին այդ մասին: Որոշումն ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն այն փոստով ուղարկում է հայտատուին: Հայտատուն կարող է նշված ժամկետում պետական լիազոր մարմնում որոշումն ստանալ նաև առձեռն:

2. Սույն օրենքով նախատեսված այլ ծանուցումները ուղարկվում, իսկ հարցումները կատարվում են օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները լրանալուց կամ գործողությունները կատարելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` փոստով ծանուցելու դեպքում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում` կապի միջոցների օգտագործմամբ (այդ թվում` հայտատուի նշած հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում` հայտատուի նշած էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով ծանուցելու դեպքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «տասը աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «վճարումը հաստատող փաստաթուղթը» բառերից հետո լրացնել «, իսկ եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, նաև զեղչով վճարման հիմքերը հաստատող փաստաթուղթ` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, իսկ «` 10-օրյա ժամկետում,» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 56.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «10-օրյա ժամկետում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

18 հոկտեմբերի 2016 թվականի

ՀՕ-148-Ն

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել