Ահաբեկչությունը հանդիսանում է հասարակական անվտանգության դեմ ուղղված առավել վտանգավոր հանցագործություններից մեկը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ ահաբեկչությունը` այնպիսի գործողությունը, որն ուղղված է քաղաքացիական անձի կամ զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին ակտիվորեն չմասնակցող անձի մահվանը կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն կամ դրանց սպառնալիքին այն դեպքում, երբ այդպիսի գործողության նպատակն իր բնույթով կամ էությամբ բնակչությանն ահաբեկելը կամ պետական մարմնի կամ միջազգային կազմակերպության կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման կամ գործողության կատարման կամ դրանցից ձեռնպահ մնալու վրա ներգործելն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ահաբեկչություն համարվող ցանկացած այլ գործողությունը, բացառությամբ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված արարքների՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նույն արարքը, որը կատարվել է՝
մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 8-12 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նշենք նաև, որ նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հարկ է նշել, որ ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով, նպաստել է ահաբեկչության խափանմանը, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Իշխանության մարմիններ են համարվում այն պետական մարմինները, որոնք կարող են միջոցներ ձեռնարկել ահաբեկչությունը խափանելու համար կամ կարող են իրավասու մարմիններին տեղյակ պահել նախատեսվող հանցագործության մասին:
Տեղեկացնենք, որ ահաբեկչության մասին ժամանակին հայտնած կամ այլ միջոցներով ահաբեկչության խափանմանը նպաստած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններում առկա չէ այլ հանցակազմ: Սակայն, եթե անձի գործողություններում առկա են այլ հանցակազմի հատկանիշներ, ապա նա պատասխանատվության է ենթարկվում միայն դրանց համար. ահաբեկչության համար նախատեսվող պատասխանատվությունը տվյալ դեպքում բացառվում է:
Եթե անձի գործողությունները չեն հանգեցնում ահաբեկչության խափանմանը, ապա նա չի ազատվում ահաբեկչության համար քրեական պատասխանատվությունից, սակայն տվյալ դեպքում անձի գործողությունները՝ ուղղված ահաբեկչության խափանմանը, հաշվի են առնվում որպես պատիժը մեղմացնող հանամանք: