Վիճահարույց նախագծի ընդունման հարցը կրկին հետաձգվեց

Կառավարության այսօրվա նիստին քննարկման դրվեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերն ներկայացման գործընթացքում խախտումներ կատարելու դեպքում պատասխանատվության ենթարկելու մասին նախագւծը:

Այն ներկայացնում էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

ԱՆ-ն առաջարկում է գույքի և եկամուտների հայտարարագրման ոլորտում սահմանել վարչական և քրեական պատասխանատվություն՝ տարանջատելով երկու խումբ իրավախախտումներ՝

  1. իրավախախտումներ, որոնք վերաբերում են այդպիսի հայտարարագրերի ներկայացմանը,
  2. իրավախախտումներ, որոնք վերաբերում են այդպիսի հայտարարագրերի բովանդակությանը:

Այսպես, առաջարկվում է լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ, ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար: Ընդ որում՝ առաջարկվող վարչական տույժերը սահմանված են ավելի մեղմից դեպի ավելի խիստը (նախազգուշացումից մինչև վարչական տուգանք):

Ի լրումն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` որպես հանցակազմ նախատեսելով բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը, ինչպես նաև  այդպիսի հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը: 

Նախագծերի ընդունման արդյունքում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող՝ հայտարարագրման հետ կապված պարտականությունների չկատարման դեպքում համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձը կենթարկվի վարչական, իսկ համապատասխան հանցակազմի առկայության պայմաններում` քրեական պատասխանատվության:

Նախարարն իր խոսքի վերջում ընդգծեց, որ այսօրվա գործիքակազմով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի կարող իրականացնել այս գործառույթները, ուստի օրենքի փոփոխություններին զուգահեռ քննարկումներ են ընթանում հանձնաժողովի գործիքակազմն ընդլայնելու ուղությամբ:

Նախագծին դեմ էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, նա ասաց, որ քանի դեռ էթիկայի հանձնաժողովի գործիքակազմը չի ընդլայնվել, այս փոփոխությունները չեն գործի:

Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իրենք այս հանգամանքը նույնպես նախատեսել են, նախագիծը պետք է ընդունվի հաջորդ տարի, ուստի մինչ այդ այդ հարցը նույնպես կլուծեն:

Վարչապետը լսելով կողմերին` առաջարկեց ևս մեկ անգամ քննարկում իրականացնել իր հետ, որից հետո որոշել` այս նախագծի ճակատագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել